Հայերեն | Русский | English

ՄՌՏ, թե` ՀՏ, ո՞րն է գերադասելի

2016-03-23

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) լայն տարածում գտած ախտորոշման տարբերակներ են: Կախված այն բանից, թե ինչ մեթոդի հիման վրա է իրականացվում հետազոտությունը, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

ՀՏ-ն, կիրառելով ռենտգենյան ճառագայթում, հիմնված է օրգանիզմի հյուսվածքների կողմից վերջինիս կլանման հատկության վրա, ընդ որում, կլանման աստիճանը պայմանավորված է այս կամ այն հյուսվածքի խտությամբ: Համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ հետազոտվող շրջանի վրա ազդում է ռենտգենյան ճառագայթների ուղղորդված խուրձը: Անցնելով հյուսվածքների միջով՝ այս ճառագայթները կլանվում են վերջիններիս կողմից, որն էլ արտացոլվում է նկարների վրա: Արդյունքների համակարգչային մշակումը հնարավորություն է տալիս ստանալ բավականին տեղեկատվական պատկերներ, ինչպես նաև կառուցել հետազոտվող շրջանի եռաչափ մոդելները:

ՄՌՏ-ն, ի տարբերություն ՀՏ-ի, կիրառում է մագնիսական դաշտ, որի ազդեցությամբ հետազոտվողի մարմնում ջրածնի ատոմները փոխում են իրենց դիրքը: Տվիչները որսում են այդ փոփոխությունները, իսկ համակարգչային ծրագիրը՝ ստացված տվյալների հիման վրա, ձևավորում է հետազոտվող շրջանի պատկերը:

Այսպիսով, ՀՏ-ի և ՄՌՏ-ի միջև տարբերությունը կայանում է հետևյալում.

  • Նյութի վիճակի մասին տրամադրվող պատկերացմամբ (ՀՏ-ն տեղեկատվություն է տալիս ֆիզիկական վիճակի մասին, ՄՌՏ-ն՝ քիմիական),
  • Հիվանդի օրգանիզմի վրա ազդեցությամբ. ՄՌՏ-ն, ի տարբերություն ՀՏ-ի, անվտանգ է, քանի որ կիրառում է իոնիզացնող ճառագայթում,
  • Գործողության տևողությամբ. ՀՏ տևում է մոտավորապես 5-10 րոպե, իսկ ՄՌՏ-ն՝ եռակի անգամ շատ,
  • Մեթոդի հնարավորություններով. ՀՏ-ն առավել հստակ է վիզուալիզացնում ոսկրային հյուսվածքները, իսկ ՄՌՏ-ն՝ փափուկ հյուսվածքներն ու ներքին օրգանները:

ՀՏ կիրառման ժամանակ բժիշկը հնարավորություն ունի ուսումնասիրել հյուսվածքների ռենտգենյան խտությունը, որը փոփոխվում է տարբեր ախտաբանությունների ժամանակ:  ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս վիզուալ գնահատել օրգանների և հյուսվածքների վիճակը:

Այս երկու մեթոդները ոչ միջամտական են, այսինքն, հետազոտության ընթացքում պացիենտի մոտ որևէ վնասվածք չի առաջանում (ի տարբերություն այնպիսի եղանակների, ինչպիսին է պունկցիան):


Ո՞րն է նախընտրելի. ՀՏ, թե` ՄՌՏ

ՄՌՏ-ն առավել շատ ախտորոշիչ տեղեկատվություն է ապահովում հետևյալ դեպքերում.

  • գլխուղեղում օջախային և տարածուն ախտահարումներ հայտնաբերելիս,
  • ողնուղեղի ախտաբանությունների ժամանակ,
  • աճառային հյուսվածքի հիվանդությունների ժամանակ,
  • ուռուցքների հայտնաբերման դեպքում,
  • ցրված սկլերոզի և կաթվածների ախտորոշման նպատակով,
  • ողնաշարի հիվանդությունների ժամանակ,
  • ուռուցքային հիվանդության փուլի որոշման նպատակով,
  • հիպոֆիզի հիվանդությունների հայտնաբերման նպատակով,
  • կապանների, հոդերի և մկանների ախտաբանությունների ախտորոշման նպատակով:

ՄՌՏ նշանակվում է նաև այն դեպքերում, երբ պացիենտին ցուցված է ՀՏ-ախտորոշում կոնտրաստ նյութի ներմուծմամբ, սակայն հիվանդի մոտ առկա է յոդի նկատմամբ անընկալունակություն: ՄՌՏ հետազոտության ժամանակ յոդի փոխարեն կիրառվում է նյութ, որի հիմքում ընկած է գադոլինիումը:

ՀՏ-ն հետազոտություն իրականացվում է հետևյալ դեպքերում.

  • գանգուղեղային վնասվածքների ժամանակ, երբ առկա է գլխուղեղի վնասման կասկած,
  • ուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ,
  • դիմային կմախքի, ծնոտային ապարատի, գանգի հիմի ոսկրերի և քունքոսկրերի, ինչպես նաև ատամների ախտահարումների ժամանակ,
  • վահանաձև գեղձի ախտաբանությունների ժամանակ,
  • օտիտների և սինուսիտների դեպքում,
  • անոթների անևրիզմաների և աթերոսկլերոզի ժամանակ,
  • միջողնային սկավառակների ճողվածքների, սկոլիոզի, օստեոպորոզի դեպքում,
  • կրծքավանդակի և միջնորմի օրգանների ախտաբանությունների դեպքում,
  • ստամոքսաղիքային ուղու օրգանների ախտաբանությունների ժամանակ,
  • օրգանիզմում մետաղական կամ էլեկտրոնային իմպլանտներ ունեցող հիվանդների ախտորոշման անհրաժեշտության դեպքում (ի տարբերություն ՄՌՏ-ի, ՀՏ-ն չի կարող վնասել կամ տեղաշարժել իմպլանտացված սարքավորումները),
  • ծանր ձևի կլաուստրոֆոբիայով, արտահայտված ցավային համախտանիշով, հոգեկան խանգարումներով, ինչպես նաև կենսական ֆունկցիաների խանգարմամբ և կենսագործունեության պահպանման նպատակով պացիենտի  (ում օրգանիզմի կենսագործունեությունն ապահովվում է միացված սարքերի օգնությամբ) հետազոտության իրականացման անհրաժեշտության դեպքում:

Խորհուրդ չի տրվում ՀՏ հետազոտություն կատարել երեխաների մոտ՝ հաշվի առնելով աճող օրգանիզմի վրա ռենտգենյան ճառագայթների բացասական ազդեցությունը:

Հղիներին խորհուրդ չի տրվում իրականացնել ինչպես ՄՌՏ, այնպես էլ` ՀՏ, հատկապես առաջին եռամսյակում: Սակայն, այս առումով ՄՌՏ-ն առավել գերադասելի է, քանի որ մագնիսական դաշտի բացասական ազդեցությունը պտղի վրա որոշ չափով ավելի քիչ է, քան ռենտգենյան ճառագայթներինը

Որոշ դեպքերում բժիշկները ստիպված են կիրառել և՛ ՀՏ, և՛ ՄՌՏ՝ ախտորոշման հստակեցման և ճիշտ տարբերակման նպատակով:

 

2016-03-23

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »