«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն - Լուրեր / Կոչ-կլինիկական-օրդինատորներին-(առանց-ուսումնական-առաջադիմության-և-օտար-լեզվի-իմացության-սահմանափակումների)-more

Հայերեն | Русский | English

Ճառագայթմանը վերաբերող անհանգստացնող հարցեր բժշկության մեջ և կենցաղում

2016-12-28

Ցանկացած տեսակի ճառագայթմանն ընդունված է զգուշությամբ վերաբերվել: ՈՒՁՀ-ն և վայ-ֆայը, միկրոալիքային վառարանը և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան վտանգավոր են թվում: Մենք որոշեցինք բացատրել, թե ինչու բժշկական սարքավորումների ճառագայթումն ու այլ տեսակի ճառագայթումներն այնքան էլ վտանգավոր չեն:

Ես անցել եմ ռենտգեն հետազոտություն, իսկ մեկ ամիս անց նշանակվել է համակարգչային տոմոգրաֆիա. այդպես կարելի՞ է

Այո՛, եթե այդ հետազոտության պոտենցիալ օգուտներն ավելի շատ են քան հնարավոր վնասները: Դա պետք է բժիշկը գնահատի: Որոշումը նաև պայմանավորված է տարիքով, սեռով, իրականացման ցուցումներով և նրանով, թե հատկապես ո՞ր հյուսվածքներն են արդեն ենթարկվել ճառագայթման (տարբեր հյուսվածքներ տարբեր ընկալունակություն ունեն): Երբեմն ավելի լավ է ևս մեկ հետազոտություն կատարել , սակայն ախտորոշել լուրջ հիվանդությունը և հիվանդին փրկել մեծ խնդիրներից:

Ես հիմա անցնում եմ ճառագայթային բուժում, արդյո՞ք ես ռադիոակտիվ եմ և վտանգավոր շրջապատի համար

Եթե դա ճառագայթային բուժման այն տեսակն է, երբ ճառագայթում են հատուկ սարքավորման օգնությամբ, ապա ռադիոակտիվ չեք: Այդ ժամանակ մարմնում չկա ճառագայթման աղբյուր: Համակարգչային տոմոգրաֆիայից և ռենտգենոգրաֆիայից հետո նույնպես անվտանգ եք շրջապատի համար: Սակայն, եթե դա բրախիթերապիա է (երբ ուռուցքի ոչնչացման համար մարմնի մեջ ներմուծվում են ռադիոակտիվ տարրեր), Դուք, իսկապես, դառնում եք ճառագայթման աղբյուր, թեև իրականում բավականին թույլ: Ամեն դեպքում, սկզբնական շրջանում ցանկալի է չշփվել երեխաների և հղիների հետ, նրանք բոլորից շատ են ճառագայթման համար խոցելի:

ՈՒՁՀ-ն հղիության ժամանակ վնասակա՞ր է

Ո՛չ: Ուլտրաձայնը չի պատկանում իոնացնող ճառագայթմանը, որը վնասում է ԴՆԹ-ն, և կան հսկայական ծավալով տվյալներ, որոնք վկայում են, որ որևէ բացասական ազդեցություն կնոջ և երեխայի վրա այն չի թողնում: Ամեն դեպքում, ՈւՁՀ-ն ցանկալի է կատարել միայն այն դեպքերում, երբ այն նշանակել է բժիշկը: Նույնը վերաբերում է նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիային, այն իրենից ներկայացնում է էլեկտրոմագնիսական ռադիոալիքներ, որոնք իոնացնող ճառագայթմանը չեն պատկանում, և հետազոտողները  որևէ վնասակար հատկություն չեն հայտնաբերել: Թեև ուսումնասիրվել են միայն այն դեպքերը, երբ տոմոգրաֆի մագնիսական դաշտն ամենամեծը չի եղել:

Ես հղի եմ, և ինձ ռենտգեն հետազոտություն է նշանակվել, միգուցե` չարժե՞

Դա պայմանավորված է տվյալ իրավիճակով. յուրաքանչյուր դեպքի համար մոտեցումն անհատական է: Բժիշկն է որոշում կայացնում. ո՞րն է գերադասելի` ռենգեն հետազոտությու՞նը, թե՞ դրանից հրաժարվելը: Հղիության դեպքում որովայնի շրջանի ճառագայթումը կարելի է նվազեցնել, օրինակ, ռենտգեն հետազոտությունն իրականացնելով մեջքի կողմից: Գլխի, պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների ռենտգենոգրաֆիան առանձնապես չի վնասում պտղին, հատկապես, եթե կիրառվում է կապարե գոգնոց: Մարմնի տարբեր մասերի համակարգչային տոմոգրաֆիան նույնպես հարաբերականորեն անվնաս է, եթե ծածկեն որովայնը: Բացի այդ, համակարգչային տոմոգրաֆիան կարելի է իրականացնել փոքր-ինչ ցածր որակով՝ ճառագայթային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:

0,05 Գր (5 Ռադ) չափաբաժնով կլանված ճառագայթումը հղի կանանց համար չի կարող անհանգստության պատճառ լինել, և ընդհանրապես, հետազոտությունների մեծ մասը չի անցնում այդ սահմանները: Մինչև 14 օրական հղիության ժամանակ 0.1 Գր (10 Ռադ) կամ ավելի չափաբաժնով ճառագայթումը կամ բերում է սաղմի «ներծծման», կամ ոչ մի կերպ չի անդրադառնում: Մեծ ժամկետներում այսպիսի ճառագայթումը մեծացնում է պտղի զարգացման դանդաղեցման, բնածին արատների զարգացման, սահմանափակ մտավոր հնարավորությունների ռիսկերը: Սակայն 20-25 շաբաթականից հետո  ճառագայթումը հարաբերականորեն անվտանգ է:

Անհրաժե՞շտ է, արդյոք, մամոգրաֆիան, չէ՞ որ այն ինքնին կարող է քաղցկեղ առաջացնել

Եթե այն իրականացնելու համար կան ցուցումներ, ուրեմն անհրաժեշտ է: Մամոգրաֆիայի ժամանակ (կրծքագեղձերի ռենտգենաբանական հետազոտություն) կինը ստանում է ճառագայթման ոչ մեծ չափաբաժին, սակայն այս եղանակով հնարավոր է կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել վաղ շրջանում, ինչն, ամենայն հավանականությամբ, կփրկի կնոջ կյանքը: Այդ պատճառով ներկայում խորհուրդ է տրվում 50 տարեկանն անց կանանց տարեկան երկու անգամ մամոգրաֆիա անցնել: Սակայն BRCA1/BRCA2 գեների մուտացիայով կանանց մոտ տարիքի հետ ամենամյա մամոգրաֆիան, ըստ երևույթին, մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն այս մասին դեռևս չենք կարող վստահաբար խոսել:

Ես հաճախ եմ ինքնաթիռով թռչում, դա կարո՞ղ է վտանգավոր լինել` ճառագայթման առումով

Այո՛, հնարավոր է: Բարձրության վրա մենք ենթարկվում ենք մեծ տիեզերական իոնացնող ճառագայթման, քան երկրի վրա: Հաճախ ինքնաթիռով թռչող մարդկանց կարելի է հավասարեցնել անձնակազմի անդամների հետ, իսկ նրանց մոտ հաճախ է առաջանում մելանոմա (մաշկի ագրեսիվ քաղցկեղ), կրծքագեղձի քաղցկեղ, կանանց մոտ հաճախ լինում են վիժումներ: Ճառագայթային պաշտպանության միջազգային հանձնաժողովը համարում է, որ մի շարք մասնագիտությունների համար ճառագայթման թույլատրելի առավելագույն չափաբաժինը կազմում է տարեկան 20 մԶվ: Եվրախորհրդում սահմանափակումներն առավել խիստ են՝ տարեկան 6 մԶվ: Համեմատության համար նշենք, որ տրանսանտլանյան թռիչքը 0.08 մԶվ է: Օդանավակայաններում սքաներներից ստացված ճառագայթման չափաբաժինը մոտավորապես կազմում է այնքան, որքան մենք ստանում ենք՝ գտնվելով 3-9 ր երկրի վրա, այնպես որ, կարելի է այդ ծանրաբեռնվածությունը հաշվի չառնել:

Կարելի՞ է հեռախոսը դնել բարձի մոտ

Առայժմ հստակ պատասխան չկա (տվյալները չեն բավականացնում), սակայն, բջջային հեռախոսների և ուռուցքային հիվանդությունների միջև կապը, ինչպես սովորաբար վախեցնում են ԶԼՄ-ները, այնուհանդերձ, բացակայում է:  Հեռախոսներից արտադրվում է ոչ իոնացնող ճառագայթում, որի ազդեցությունը մարդու վրա 100 տոկոսով ուսումնասիրված չէ:  Սակայն այժմ, ինչպես հաղոդում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, բջջային հեռախոսներից հրաժարվելու պատճառներ չկան:

Իսկ վայ-ֆայը վտանգավո՞ր է

Ո՛չ: Սա ռադիոհաճախականության ճառագայթում է, իսկ երթուղղիչի մոտ այն զգալիորեն ավելի թույլ է, քան բջջային հեռախոսի մոտ: Սակայն կան, այսպես կոչված, էլեկտրամագնիսական գերզգայուն մարդիկ («ալերգիա վայ-ֆայից»). նրանց մոտ վայ-ֆայի միացումից հետո առաջանում են բազմաբնույթ ախտանիշներ՝ գլխացավեր, մկանային ցավեր, հոգնածություն, անքնություն, ցանավորում, սրտխառնոց և այլն: Ավելի ուշ հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանք վատ են զգում նաև այն ժամանակ, երբ իրականում ոչինչ միացված չէ:

Կարելի՞ է սնունդը պատրաստել միկրոալիքային վառարանում, այն վտանգավոր չէ՞

Ո՛չ, վտանգավոր չէ: Միկրոալիքային վառարանն աշխատում է էլեկտրամագնիսական ճառագայթման շնորհիվ: Այս ալիքները, լավ պաշտպանության շնորհիվ, գործնականում վառարանի սահմաններից դուրս չեն գալիս: Էլեկտրամագնիսական ալիքները կարող են այրվածք առաջացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ միացված միկրոալիքային վառարանի դուռը վնասված լինի կամ` բացված:

Սերգեյ Մորոզով
Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի բժշկական ճառագայթաբանության գիտագործնական կենտրոնի տնօրեն

2016-12-28

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »