Հայերեն | Русский | English

Հարվածի տակ. ինչպե՞ս պաշտպանվել կաթվածից

2017-04-14

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով կաթվածը ողջ աշխարհի բնակչության մահացության պատճառների մեջ գրավում է երրորդ տեղը՝ սրտային և ուռուցքային հիվանդություններից հետո:

Կանխարգելիչ միջոցառումներ

Եթե մարդու մոտ առկա է բարձր զարկերակային ճնշում կամ ավելորդ քաշ, հաճախակի գլխացավեր կամ գլխապտույտ, ինչպես նաև, եթե նա ծխում է կամ նրա ազգականների մոտ 50-55 տարեկանում տեղի է ունեցել կաթված, նա ունի նյարդաբանի մոտ հետազոտվելու բացարձակ ցուցում: Մյուսներին նույնպես, հատկապես 40 տարեկանից հետո,  հետազոտվելը չի խանգարի:

Կաթվածի առաջնային կանխարգելումը երկար ժամանակ չի խլում, սակայն դրա փոխարեն օգնում է խուսափել հիվանդությունից, որն ուժերի ծաղկման շրջանում գտնվող մարդուն մեկ ակնթարթում կարող է դարձնել անօգնական հաշմանդամ կամ, պարզապես` սպանել: Այդ պատճառով չարժե խնայել ժամանակն ու միջոցներն անհրաժեշտ հետազոտություններն իրականացնելու համար, այն դեպքում, երբ դրանք այնքան էլ շատ չեն: Այն ամենն, ինչ պահանջվում է, հետևյալն է. զննում նյարդաբանի մոտ, զարկերակային ճնշման չափում, էլեկտրասրտագրություն, արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ, արյան մեջ խոլեսթերինի և գլյուկոզայի որոշում, քնային զարկերակների ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում: Եվ եթե ամեն ինչ կարգին է, կարելի է հաջորդ անգամ բժշկի այցելել մեկ տարի անց:

Իսկ եթե ամեն ինչ այնքան էլ լավ չէ, անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ (ՄՌՏ, անգիոգրաֆիա): Այս հետազոտությունների հիման վրա կարող է հիվանդությունն ախտորոշվել  մինչև ախտանիշների ի հայտ գալը, քանի որ վերջիններս երբեմն ժամանակի մեջ  ետ են մնում արդեն առաջացած օրգանական փոփոխություններից: Ի դեպ, հենց այս պատճառով միկրոկաթվածի ախտանիշները երբեմն հայտնաբերվում են այնպիսի հիվանդների մոտ, ովքեր երբեք չեն գանգատվել գլխացավից կամ գլխապտույտից: Սակայն պետք չէ այս բարդ և թանկարժեք հետազոտություններն անցնել մինչև նյարդաբանին այցելելը, քանի որ ՄՌՏ-ն ունի մի քանի ռեժիմներ և որպեսզի իմանալ, թե ինչը պետք է հատկապես հետազոտել, անհրաժեշտ է նյարդաբանի նախնական ախտորոշումը, այլապես անիմաստ հետազոտություն կկատարվի: Այդ ժամանակ բժշկի կողմից նշանակված կանխարգելիչ բուժումը նույնպես անարդյունավետ կլինի:

Ամենայն հավանականությամբ, կարիք կլինի աշխատել նաև կենսակերպի փոփոխության վրա, մասնավորապես, փորձել նվազեցնել քաշը և թողնել ծխելը: Հայտնի է, որ ճարպակալումը նպաստում է շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի առաջացմանը և մեծացնում է զարկերակային գերճնշման վտանգը, իսկ ծխելը կրկնակի անգամ մեծացնում է կաթվածի զարգացման ռիսկը:

Դժբախտությունից մեկ քայլ առաջ

Ի՞նչ անել, եթե բաց եք թողել ժամանակը և ամենաանցակալին արդեն տեղի է ունեցել: Սկսվող կաթվածի ախտանիշները կարող են լինել անսպասելի գլխացավը, դեմքի անհամաչափությունը, ձեռքի կամ ոտքի թուլությունը, խոսելու կամ իրեն ուղղված խոսքն ըմբռնելու ունակության խանգարումը, տեսողության խանգարումը (մասնավորապես` տեսադաշտի կորուստը), գլխապտույտը, երերուն քայլվածքը, կողմնորոշման վատթարացումը, գիտակցության մասնակի մթագնումը կամ ամբողջական կորուստը:
Վերոնշյալ ախտանիշներից գոնե մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման «շտապօգնություն» կանչել, նույնիսկ, եթե այդ մտահոգիչ ախտանիշներն առաջացել են ժամանակավորապես ու անհետացել են: Շատ կարևոր է նաև մինչև մասնագետի հետ խորհրդակցելը չփորձել կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը, դա կարող է նպաստել կաթվածի առավել արագ զարգացմանը: Հակագերճնշումային դեղորայքը կարելի է ընդունել միայն սովորական, խորհուրդ տրվող չափաբաժիններով:

Ցավոք, մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այս վտանգավոր ախտանիշներին, իսկ ցավը բթացնում են ցավազրկողներով: Դեղորայքն, իհարկե, թուլացնում է անոթների սպազմը, սակայն ախտաբանական գործընթացը մնում է և բերում իշեմիկ օջախի առաջացման: Այսպիսով, շատ մարդկանց մոտ ուղեղում հայտնաբերվում են միկրոկաթվածի հետքեր, որը նրանք ժամանակին ոտքի վրա են անցկացրել: Այդ պատճառով վերը նշված ախտանիշներից գոնե մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման «շտապօգնություն» կանչել: Սա հենց այն դեպքն է, երբ ավելի խելամիտ կլինի  ապահովագրվել:

Ի դեպ

Կաթվածը մարդուն ախտահարում է հանկարծակի և կտրուկ: Ուղեղի բջիջներն առանց թթվածնի մահանում են 5 րոպեի ընթացքում: Ուղեղի արյան շրջանառության  սուր խանգարման հետևանքով մահանում է հիվանդների 65%-ը, ողջ մնացածներից 75%-ը մնում է հաշմանդամ և միայն 25%-ն է վերադառնում նախկին կյանքին: Նույնիսկ եթե հաջողվում է հիվանդին փրկել, հաճախ կաթվածի հետևանքներն անդառնալի են: Գլխուղեղի մահացած հատվածի հետ միասին հիվանդների կեսից ավելին անդառնալի կորցնում է տարբեր ֆունկցիաներ՝ կողմնորոշումը, զգայնությունը, խոսքը, բանականությունը, հիշողությունը:

2017-04-14

ԼՈՒՐԵՐ

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...

կարդալ ավելին »

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...

կարդալ ավելին »