Գլխացավերի և մկանների լարվածության թաքնված պատճառները
Գլխացավերի և մկանների լարվածության ոչ ակնհայտ պատճառ կարող է լինել ստորին ծնոտի հոդախախտը՝ ներքին աճառային սկավառակի խախտումը։
Առաջին անգամ քունք-ստործնոտային հոդի (ՔՍԾՀ) գործառույթի խախտման և ականջացավի միջև կապը բացահայտել է Ջեյմս Կոստենը, ուստի ՔՍԾՀ գործառույթի խանգարումը հաճախ անվանում են Կոստենի համախտանիշ։ Այս դեպքում ցավը կարող է տարածվել և հասնել աչքերին, ականջներին, ատամներին, գլխին, դեմքի տարբեր հատվածներին։
Քունք-ստործնոտային հոդախախտի կասկած կարող է առաջանալ այն դեպքում, երբ ծնոտը շարժելիս լսվում է ճտտոց, խրթոց, կրճտոց, կամ դժվարացած է բերանը բացել-փակելը։ ՔՍԾՀ գործառույթի խանգարումը հաճախ կարող է հանգեցնել կծվածքի փոփոխության։ Նման դեպքերում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնախտորոշմամբ։
Ճիշտ ախտորոշման համար բժիշկը կնշանակի մագնիսառեզոնանսային շերտագրություն։ Ի տարբերություն համակարգչային շերտագրության, ՄՌՇ միջոցով հնարավոր է տեսնել փափուկ հյուսվածքները (կառուցվածքները)՝ հոդի աճառային սկավառակը, մկանները, հեղուկը կամ հոդային տարածության ներսում ընթացող բորբոքային գործընթացը։ Կարևոր է նաև այն, որ ՄՌՇ-ն հնարավորություն է տալիս գնահատել հոդի աճառային սկավառակի վիճակը՝ բերանը բաց և փակ դիրքերում, թույլ է տալիս նաև պատկերացում կազմել աճառային սկավառակի և հոդագլխիկի փոխգործակցության մասին։
Tweet