ԱՄՆ-ում թվային գրիչ են ստեղծել՝ ուղեղի հիվանդությունների վաղ ախտորոշման համար
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում տառապում են ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի զանազան հիվանդություններից, օրինակ, Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությունից: Եվ շատ գիտնականներ փորձում են գտնել նոր միջոց՝ այդ հիվանդությունների առաջին ախտանիշների հնարավորինս վաղ ախտորոշման համար: Նման մի միջոց են առաջարկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները:
Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների ու համակարգչային գիտության լաբորատորիայի աշխատակիցներն առաջարկել են օգտագործել հատուկ թվային գրիչ, որը կարող է արագ ու գերճշգրիտ որոշել, արդյո՞ք այդ գրչով գրող մարդն ունի նյարդային համակարգի այս կամ այն հիվանդության ախտանիշներ:
Ըստ էության, այս մեթոդը թեստերի միջոցով հիվանդներին ստուգելու կատարելագործված ու մասամբ ավտոմատիզացված տարբերակն է: Մարդկանց առաջարկում են նկարել, օրինակ, ժամացույցի ցիֆերբլատ, այնուհետեւ ճիշտ հեռավորությամբ դասավորել թվերը:
Գրչի մեջ կա հատուկ տեսախցիկ, որը հետեւում է գրչի գրող ծայրի եւ թղթի դիրքին ՝ վայրկյանում 80 կադր հաճախությամբ, հայտնում է Hi-News պորտալը: Այս գրչի համար հատուկ ստեղծված ծրագրային ապահովումը թույլ է տալիս արձանագրել ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի մի քանի լուրջ հիվանդությունների վաղ ախտանիշները:
Մասնագետներն արդեն նշել են հիվանդներին թեստավորելու տվյալ մեթոդի բարձր արդյունավետությունն ու ճշգրտությունը:
Աղբյուր. news.am