Բաց նամակ
Հայաստանի ռադիոլոգների կոնսոլիդացնող համաժողովի անդամներս` ի գիտություն ընդունելով 18.12.2015թ. էլեկտրոնային մամուլում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Նազենի Մալխասյանին ՀՀ ՔՕ № 130 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, համատեղ ուժերով վեր ենք լուծել դեպքին վերաբերող ՀՇ-պատկերները:
Խորին ցավակցություն հայտնելով հանգուցյալի հարազատներին և մերձավորներին, ցանկանում ենք հայտնել այն տեսակետը, ըստ որի ՀՇ-պատկերներում արտացոլված իրավիճակը պատկանում է ըստ Հիվանդությունների Միջազգային -10 դասակարգման
- սրտի վնասվածք, սրտապարկի արյունազեղում(S 26.0),
- կողերի բազմաթիվ կոտրվածքներ(S 22.4),
- կրծքավանդակի օրգանների վնասվածքներ (T 06.5),
- արյունատար անոթների վնասվածքներ (T 06.3):
Ուստի ստիպված ենք եզրահանգել, որ գործ ունենք կյանքի հետ անհամատեղելի պոլիտրավմայի հետ և` չփորձելով որևէ կերպ արդարացնել ռադիոլոգի բաց թողումը, պետք է ցավով հուշենք, որ նրա եզրակացությունը չէր կարող փոխել «Prognosis pessima» իրավիճակը:
Հաշվի առնելով վերոնշվածը`
- Խնդրում ենք պատկան մարմիններին վերավորակավորել ներկայացված մեղադրանքը:
- Կոչ ենք անում դեպքի հետ առնչվող այլ մասնագիտության տեր մեր բժիշկ գործընկերներին անկեղծ գնահատել սեփական փորձը, հմտությունները, գիտելիքները և հիվանդանոցի հագեցվածությունը նմանատիպ դեպքերի մենեջմենթի առումով ու ստանձնել մեղքի սեփական հատվածը` չբարդելով մեկի վրա ամբողջ պատասխանատվությունը:
- Մենք մեր կողմից պարտավորվում ենք «Գյումրի» ԲԿ տնօրինության հարցում-խնդրանքի առկայության դեպքում կազմակերպել Նազենի Մալխասյանի ռադիոլոգիայի բնագավառում վերապատրաստման և գիտելիքների թարմացման միջոցառումները:
19.12.2015թ
Tweet