Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
Թքագեղձերի ուլտրաձայնային ախտորոշումը բավականին մեծ տարածում է ստացել այն բանի շնորհիվ, որ հետազոտման այս մեթոդը տարբերվում է իր պարզությամբ, հասանելիությամբ, ինչպես նաև տարբեր խանգարումների բացահայտման բարձր արդյունավետությամբ: Շատ հաճախ թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) օգտագործվում է այն հիվանդների հետազոտության համար, որոնց անամնեզի մեջ գլխի և պարանոցի շրջանի ախտաբանական դեպքեր են արձանագրված: ՈՒՁՀ-ի թերությունն այս պարագայում բարորակ նորագոյացությունները չարորակից տարբերելու անհնարիությունն է: Բայցևայնպես, չարորակ ուռուցք կասկածելու դեպքում կիրառում են դոպլերային սոնոգրաֆիան, որն օգնում է որոշել խոշոր թքագեղձերի արյան մատակարարման ախտահարումները: Այնուամենայնիվ, ՈՒՁՀ-ն պահանջված է որպես ուռուցքի ձևավորման և տարբեր ախտաբանական երևույթների բացահայտման հիմնական միջոց: Այցելուի համար թքագեղձերի ՈՒՁՀ-ն ոչ մի անհարմարություն չի պատճառում, գործընթացը չի պահանջում հատուկ նախապատրաստություն, բացարձակապես անցավ է և տևում է մի քանի րոպե:
Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության ցուցումները.
Պացիենտի բժշկական օգնությանը դիմելու դրդող հիմնական ախտանիշը վատ ինքնազգացողությամբ և բարձր ջերմությամբ ուղեկցվող ենթածնոտային հատվածի սուր և ուժեղ ցավերն են: Սուր բորբոքումն ախտորոշվում է թքագեղձերի չափերի մեծացման հիման վրա, սակայն ՈՒՁՀ-ն կօգնի ճշգրիտ ախտորոշում կատարել: Շատ հաճախ ցավերի պատճառներ են լորձաթաղանթի վրա ատամի խոզանակի կամ խնձորի կոշտ կեղևի հետևանքով առաջացած վարակային բորբոքումները:
Բժշկության մեջ ընդունված է առանձնացնել թքագեղձերի հետևյալ հիվանդությունները.
♦ դիստրոֆիկ՝ սրանց դասին են պատկանում սիալոզները և սիալոդենոզները,
♦ բորբոքային՝ այս խմբի մեջ են մտնում սուր և քրոնիկ սիալոադենիտը, թքաքարային հիվանդությունը,
♦ բարորակ և չարորակ ուռուցքները,
♦ թքագեղձերի կառուցվածքի և գործունեության բնածին անոմալիաները,
♦ վնասվածքները:
Դրանցից շատերն ունեն նման ծագումնաբանություն, այդ պատճառով շատ հաճախ տարբերակիչ ախտորոշման համար նախընտրում են թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը: